General Terms

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՂԵՐՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ

1 Պայմանագիր

1.1 «ՄոբիԴրամ» փակ բաժնետիրական ընկե­րության (ստորև՝ «Օպերատոր») սույն փաստաթուղթը սահմանում է վերջինիս կողմից «ՄոբիԴրամ» վճարահաշվարկային համակարգ Հաշվի բացման, Հաշվի սպասարկման, Էլեկտրոնային Փողերի թողարկման, վճարահաշվարկային ծառայությունների, ինչպես նաև հարակից այլ ծառայությունների («Ծառայություններ») մատուցման ընդհանուր պայմանները և հանդիսանում է Ծառայություններից օգտվելու Օֆերտա (առաջարկ) կատարելու հրապարակային հրավեր:

1.2 Ծառայություններից օգտվելու Օֆերտա կարող է ներկայացվել Վեբ-կայքի միջոցով կամ Օպերատորի մասնաճյուղերում՝ Օպերատորի կողմից սահմանված ձևով դիմում լրացնելու միջոցով կամ Օպերատորի կողմից սահմանված այլ եղանակով:

1.3 Հաճախորդին «ՄոբիԴրամ» վճարահաշվարկային համակարգում գրանցելու պահից և Հաճախորդի համար Հաշիվ ակտիվացնելու պահից Օֆերտան համարվում է ակցեպտավորված (հաստատված) Օպերատորի կողմից, և այդ պահից ի վեր Օֆերտան՝ սույն Ընդհանուր Պայմանների, Ծառայություններից Օգտվելու Կանոնների և Սակագների հետ մեկտեղ, կազմում է Օպերատորի և Հաճախորդի միջև կնքված` կատարման համար պարտադիր պայմանագիր (ստորև` «Պայմանագիր»):

1.4 Ներկայացնելով Օֆերտա՝ Հաճախորդը հաստատում է, որ ամբողջությամբ ծանոթացել է և անվերապահորեն ընդունում է ողջ ծավալով սույն Ընդհանուր Պայմաններին, Ծառայություններից Օգտվելու Կանոններին և Սակագներին, որոնց գործող տարբերակները զետեղված են Օպերատորի Վեբ-կայքում և/կամ ներկայացված են Օպերատորի մասնաճյուղերում:

2 Սահմանումներ

Այնքանով, որքանով համատեքստից այլ բան չի բխում, Պայմանագրում օգտագործվող հետևյալ բառերն ու արտահայտություններն ունեն հետևյալ նշանակությունը.

Գաղտնաբառ` տառերի, թվերի և այլ նիշերի գաղտնի համակցություն, որը նույնականացման այլ միջոցների հետ միասին օգտագործվում է Հաճախորդի կամ վերջինիս լիազորված անձի նույնականացման համար:

Էլեկտրոնային Փող՝ Օպերատորիկողմիցթողարկվողև Համակարգում շրջանառվող վիրտուալ դրամական միջոց, որը ենթակա է փոխանակման Հայաստանի Հանրապետության դրամի կամ օրենսդրությամբ չարգելված վճարման այլ միջոցների:

Ընդհանուր Պայմաններ՝ սույնընդհանուր պայմանները:

Թեժ Գիծ՝ Օպերատորի հեռախոսային սպասարկման ծառայություն, որի համարը նշված է ստորև 15-րդ կետում:

Ծառայություն Մատուցող՝ Վեբ-կայքում ներկայացված իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որը վաճառվող ապրանքների, կատարվող աշխատանքների, մատուցվող ծառայությունների, այլ քաղաքացիաիրավական գործարքի դիմաց որպես վճարամիջոց ընդունում է Էլեկտրոնային Փողը:

Ծառայություններ` Պայմանագրի 1.1 կետում նշված ծառայությունները:

Ծառայություններից Օգտվելու Կանոններ՝ ստորև 3.3 կետում հիշատակված հրապարակային փաստաթղթերով սահմանված կանոններ:

Կողմ` Պայմանագրի կողմ հանդիսացող անձ` Օպերատոր կամ Հաճախորդ:

Հաճախորդ` Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն իրավունակ և գործունակ անձը, որը սույն Ընդհանուր Պայմաններով սահմանված կարգով կքնել է Պայմանագիր Օպերատորի հետ:

Հաշիվ` Օպերատորի կողմից վարվող հաշվառման վիրտուալ հաշիվ, որն օգտագործվում է Հաճախորդի կողմից Էլեկտրոնային Փողի ձեռքբերման և Էլեկտրոնային Փողով կատարված գործառնությունների հաշվառման համար: Հաշվի դրական մնացորդն արտահայտում է Հաճախորդի նկատմամբ Օպերատորի պարտավորության չափը:

«ՄոբիԴրամ» վճարահաշվարկային համակարգկամՀամակարգ` տեխնիկածրագրային համակարգ, որն ապահովում է վճարահաշվարկայինև այլ Ծառայությունների մատուցումը:

Պրեմիում Հաճախորդ` Հաճախորդ, որի ինքնությունը ճշտվել է Օպերատորի կողմից՝ Օպերատորի կողմից սահմանված ընթացակարգով:

Ստանդարտ Հաճախորդ` Հաճախորդ, որի ինքնությունն Օպերատորը չի ճշտել:

Սակագներ Օպերատորի կողմից սահմանված սակագներ, որոնք գանձվում են Հաճախորդից մատուցվող Ծառայությունների դիմաց:

Վեբ-կայք՝ Ինտերնետ ցանցում զետեղված Օպերատորի պաշտոնական վեբ-կայքը:

Վեբ-կայքի Անձնական Բաժին՝ Վեբ-կայքի բաժինը, որը հասանելի է դառնում Համակարգ մուտք գործելու դեպքում, և օգտագործվում է, ի թիվս այլ հնարավորությունների, Հաշվի կառավարման, Ծառայություններից օգտվելու, ինչպես նաև Հաճախորդի և Օպերատորի միջև տեղեկատվության (այդ թվում՝ էլեկտրոնային ծանուցումների) փոխանակման համար:

Օպերատոր` ՄոբիԴրամ ՓԲԸ, որը պատշաճ կերպով հիմնադրված է Հայաստանի Հանրապետությունում և ունի Ծառայությունները մատուցելու համար անհրաժեշտ լիցենզիաներ և թույլտվություններ:

Օֆերտա՝ Պայմանագրի 1.2 կետի համաձայն Օպերատորին ներկայացված օֆերտա:

Ֆինանսական Գործակալ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկ, օտարերկրյա բանկի մասնաճյուղ կամ դրամական (փողային) փոխանցումների իրականացման լիցենզիա ունեցող կազմակերպության, որը Օպերատորի հետ կնքել է պայմանագիր Օպերատորի կողմից պատվիրակված որոշ գործառույթներ իրականացնելու համար (օրինակ՝ հաշվի համալրում, կանխիկ դրամի վճարում և այլն):

Բջջային հեռախոսահամար` Հաճախորդի կողմից իր բջջային հեռախոսահամարի` որպես հաշվի նույնականացուցիչ օգտագործելու դեպքում` հեռախոսահամարի թվային կրկնությամբ ստացված կոդ, իսկ որպես նույնականացուցիչ չօգտագործելու դեպքում` բջջային օպերատորի կողմից տրամադրված GSM համար:

3 Ծառայություններ

3.1 Օպերատորը վճարովի հիմունքներով մատուցում է Ծառայություններ, իսկ Հաճախորդն օգտվում է Ծառայություններից՝ գործող օրենսդրության և Պայմանագրի պայմանների համաձայն:

3.2 Ծառայությունները, մասնավորապես, կարող են ներառել հետևյալը.

- Հաշվի բացում,

- Հաշվի ընթացիկ սպասարկում,

- Հաշվի համալրում,

- Էլեկտրոնային Փողերի փոխարկում/մարում,

- մուտքային և ելքային փոխանցումներ,

- վճարումներ Ծառայություն Մատուցողներին,

- Հաշվի մնացորդի և կատարված գործառնությունների մասին տեղեկատվության տրամադրում,

- Վեբ-կայքում նկարագրված այլ ծառայություններ:

3.3 Ծառայությունների տեսակները, դրանց մատուցման եղանակները, հնարավոր գործառույթները, ժամկետները զետեղվում են Վեբ-կայքի հրապարակային մասում և ներկայացվում են Օպերատորի մասնաճյուղերում:

3.4 Կախված Հաճախորդի կարգավիճակից, ինչպես նաև այլ չափանիշներից, օրենսդրությամբ կամ Պայմանագրով կարող են սահմանափակվել Հաճախորդին առաջարկվող Ծառայությունները, Հաշվի մնացորդը, կատարվող գործարքների քանակը կամ դրանց նվազագույն կամ առավելագույն չափը: Մասնավորապես` Ստանդարտ Հաճախորդը կարող է իրականացնել միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված գործարքներ: Օպերատորը իր հայեցողությամբ իրավունք ունի առանց ծանուցման փակելու Ստանդարտ Հաճախորդի Հաշիվը, միակողմանի լուծելու Պայմանագիրը և զրոյացնելու Հաշիվը` գանձելով մնացորդը որպես սպասարկման վճար, եթե Հաշվի մնացորդը չի գերազանցում 1000 էլեկտրոնային փողի միավորը և մեկ տարվա ընթացքում Հաշվով չի իրականացվել որևէ ֆինանսական գործարք (փոխանցում, կանխիկացում, վճարում, համալրում):

4 Հաշվի կառավարում, Հաշվով կատարվող գործառնություններ

4.1 Օպերատորի կողմից այլ բան սահմանված չլինելու դեպքում` Հաճախորդը կարող է ունենալ միայն մեկ գործող գրանցում Համակարգում և, համապատասխանաբար, մեկ գործող Հաշիվ: Եթե Օպերատորը պարզում է, որ միևնույն անձի համար Համակարգում բացվել են մեկից ավելի հաշիվներ, ապա Օպերատորը կարող է ծանուցմամբ անմիջապես դադարեցնել համապատասխան Պայմանագրերից որևէ մեկը կամ բոլորը:

4.2 Էլեկտրոնային եղանակով Հաճախորդին նույնականացնելու և Հաշվի կառավարումը թույլատրելու համար Հաճախորդին կարող են տրամադրվել նույնականացման մականուններ, համարներ, կոդեր, գաղտնաբառեր կամ այլ վավերապայմաններ:

4.3 Հաշիվը կառավարվում է Վեբ-կայքի Անձնական Բաժնի միջոցով, իսկ նախատեսված դեպքերում՝ նաև բջջային հեռախոսի կամ այլ տեխնիկական միջոցների կիրառմամբ:

4.4 Յուրաքանչյուր էլեկտրոնային փոստի հասցե կամ բջջային հեռախոսահամար կարող է օգտագործվել միայն մեկ Հաշվով Ծառայություններ ստանալու համար: Եթե որևէ այլ Հաճախորդ իր Հաշվի կառավարման համար նշում է էլեկտրոնային փոստի հասցե կամ բջջային հեռախոսահամար, որը գրանցված է Համակարգում Հաճախորդի Հաշվի կառավարման համար, ապա Օպերատորն իրավունք ունի կասեցնել կամ դադարեցնել այդ էլեկտրոնային փոստի հասցեի կամ բջջային հեռախոսահամարի օգտագործումը Հաճախորդի Հաշվի կառավարման համար և/կամ գրանցել այն այդ այլ Հաճախորդի Հաշվի կառավարման համար:

4.5 Անկախ նույնականացման վավերապայմանների տրամադրման և Հաճախորդի կողմից դրանց օգտագործման հանգամանքից, Հաճախորդը ձեռք է բերում Պրեմիում Հաճախորդի կարգավիճակ միայն Հաճախորդի ինքնությունը ճշտելուն ուղղված՝ Օպերատորի կողմից սահմանված գործառույթն իրականացնելու միջոցով:

4.6 Օպերատորը Հաճախորդի հետ կանխիկ դրամով գործառույթներն իրականացնում է իր մասնաճյուղերի և Ֆինանսական Գործակալների միջոցով և այլ օրենքով չարգելված ձևերով:

4.7 Օպերատորի մասնաճյուղերում կամ Ֆինանսական Գործակալների միջոցով որևէ գործառնություն կատարելու համար, գործառնություն կատարող անձից կարող է պահանջվել ներկայացնել ինքնությունը հաստատող փաստաթուղթ, և այն չներկայացվելու դեպքում գործառնության կատարումը կարող է մերժվել: Սույն կետի պահանջները կիրառելի են նաև Պրեմիում Հաճախորդների նկատմամբ:

4.8 Օպերատորն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափահասության տարիքը չբոլորած Հաճախորդից պահանջել, որպեսզի իր գործողությունները հաստատվեն նրա օրինական ներկայացուցչի կողմից, եթե առկա չեն իրավական հիմքեր Հաճախորդին լրիվ գործունակ ճանաչելու համար:

4.9 Հաճախորդից և հօգուտ վերջինիս երրորդ անձանցից ստացված կանխիկ և անկանխիկ դրամի դիմաց Օպերատորը թողարկում է Էլեկտրոնային Փող և հաշվեգրում է այն Հաճախորդի Հաշվին: Հաճախորդի Հաշիվը կարող է համալրվել նաև այլ Հաճախորդների Հաշիվներից փոխանցված միջոցների հաշվին, ինչպես նաև օրենսդրությամբ չարգելված այլ եղանակներով:

4.10 Օպերատորի կողմից թողարկված Էլեկտրոնային Փողի գործողության ժամկետը չի սահմանափակվում, բացառությամբ Պայմանագրի 3.4 կետով սահմանված դեպքերի:

4.11 Օպերատորն իրավունք ունի մերժել 1000 (մեկ հազար) դրամից պակաս գումարի չափով մարում կատարելու Հաճախորդի պահանջները, բացառությամբ այն դեպքերի, երբ մարումը պահանջվում է Պայմանագրի լուծման կապակցությամբ և այլ բան սահմանված չէ Պայմանագրով կամ Օպերատորի կողմից սահմանված պայմաններով:

4.12 Բոլոր մարումները կլորացվում են դեպի ներքև՝ մինչև Հայաստանի Հանրապետությունում շրջանառվող մանրադրամի նվազագույն անվանական արժեքը:

4.13 Փոխանցում, վճարում կամ մարում կատարելու Հաճախորդի կարգադրությունը կատարվում է միայն այն դեպքում, եթե Հաշվի մնացորդը բավարար է Հաճախորդի կարգադրությունն ամբողջ ծավալով կատարելու համար` հաշվի առնելով նաև Օպերատորի վարձատրությունը: Այլապես նման գործառնությունների կատարումը մերժվում է: Գործառնությունների կատարումը կարող է մերժվել Օպերատորի կողմից նաև այն դեպքերում, եթե.

  1. i. դրանց կատարման արդյունքում կարող է խախտվել օրենսդրությունը կամ Օպերատորի կողմից սահմանված պահանջները (այդ թվում` խախտվել Օպերատորին կամ երրորդ անձի իրավունքները կամ օրինական շահերը).
  2. ii. դրանց կատարումը հնարավոր չէ Օպերատորից անկախ պատճառով.
  3. iii. օրենսդրությամբ կամ Պայմանագրով սահմանված այլ դեպքերում:

4.14 Հաճախորդը կարող է Օպերատորի կողմից սահմանված կարգով Ծառայություններ Մատուցողներին տալ Հաշվից անակցեպտ գանձում կատարելու իրավունք, և նման դեպքում անակցեպտ գանձման պահանջները ենթակա կլինեն կատարման նույն եղանակով, ինչպես դրանք այլապես կկատարվեին Հաճախորդից համապատասխան կարգադրություններ ստանալու դեպքում:

4.15 Օպերատորի (այդ թվում` Ֆինանսական Գործակալի) սխալի պատճառով Հաճախորդի Հաշվին հաշվեգրված գումարները (այդ թվում` ավել գումարները) կարող են Օպերատորի կողմից անակցեպտ կարգով հետ գանձվել Հաշվից՝ ծանուցելով Հաճախորդին: Եթե Հաշվի մնացորդը բավարար չէ սխալմամբ հաշվեգրված գումարն ամբողջությամբ վերականգնելու համար, Օպերատորը ոչ ուշ, քան սխալը թույլ տալու օրվանից հաշված 30 (երեսուն) օրացուցային օրվա ընթացքում Հաճախորդին ներկայացնում է տարբերությունը վերադարձնելու պահանջ, և Հաճախորդը պարտավոր է 15 (տասնհինգ) օրացուցային օրվա ընթացքում վերադարձնել համապատասխան գումարը:

4.16 Հաճախորդը պարտավոր է լինել բարեխիղճ և համաձայնել վերադարձնել երրորդ անձանց կողմից իր Հաշվին սխալմամբ փոխանցված/վճարված գումարները, բացառությամբ այն դեպքերի, երբ նման երրորդ անձինք ունեն դրամական պարտավորություն Հաճախորդի նկատմամբ կամ նման պարտավորություն կառաջանա գումարների վերադարձման դեպքում:

4.17 Հաճախորդի կողմից սխալմամբ մեկ այլ Հաճախորդի կամ Ծառայություն Մատուցողի փոխանցված/վճարված միջոցները կարող են հետ վերադարձվել միայն այդ այլ Հաճախորդի կամ Ծառայություն Մատուցողի համաձայնությամբ:

4.18 Սխալ գործառնությունների շտկումն իրականացվում է Օպերատորի կողմից սահմանված ընթացակարգերով:

4.19 Եթե Օպերատորի կողմից սահմանված ժամանակահատվածի ընթացքում, որը չի կարող նվազ լինել 12 (տասներկու) ամսից, Հաշվով չեն կատարվում գործառնություններ և Հաշվի մնացորդը չի գերազանցում 100 (մեկ հարյուր) դրամը, ապա Օպերատորը իրավունք ունի միակողմանի կարգով լուծել Պայմանագիրը` այդ մասին ծանուցելով Հաճախորդին:

4.20 Այլ Հաճախորդի կամ Ծառայություն Մատուցողի փոխանցում/վճարում կատարելու մասին Հաճախորդի կարգադրությունը համարվում է Օպերատորի կողմից կատարված այն պահից, երբ համապատասխան միջոցները դուրս են գրվում փոխանցում/վճարում կատարող Հաճախորդի Հաշվից և հաշվեգրվում են ստացող Հաճախորդի կամ Ծառայություն Մատուցողի Հաշվին:

4.21 Այլ ֆինանսական կազմակերպության կողմից սպասարկվող հաշիվներին և/կամ հաճախորդներին փոխանցում կատարելու մասին Հաճախորդի կարգադրությունը համարվում է Օպերատորի կողմից կատարված այն պահից, երբ համապատասխան միջոցները դուրս են գրվում փոխանցող Հաճախորդի Հաշվից, փոխարկվում Օպերատորի կողմից և նման այլ կազմակերպությանը փոխանցելու նպատակով դուրս գրվում Օպերատորի բանկային հաշվից՝ գործարքի անհրաժեշտ մանրամասները պարունակող կարգադրությամբ:

4.22 Պայմանագրի լուծման դեպքում Օպերատորը Հաճախորդի պահանջով մարում է Հաշվի դրական մնացորդը կամ փոխանցում է այն այլ Հաճախորդի Հաշվին` համապատասխան Սակագների և այլ պայմանների կիրառմամբ:

4.23 Օպերատորի և Հաճախորդի միջև այլ պայմանավորվածության բացակայության դեպքում, Հաճախորդին մատուցած Ծառայությունների համար Օպերատորը Հաճախորդից ստանում է վարձատրություն՝ անակցեպտ կարգով գանձելով այն Հաճախորդի Հաշվից:

4.24 Հաշվով կատարված բոլոր գործառնություններն արտացոլվում են Վեբ-կայքի Անձնական Բաժնում, իսկ նախատեսված դեպքերում դրանց մասին հաղորդագրություն է ուղարկվում Հաճախորդի կողմից նշված էլեկտրոնային փոստի հասցեին և/կամ բջջային հեռախոսահամարին: Գործառնությունները Վեբ-կայքի Անձնական Բաժնում կարող են արտացոլվել ուշացումով:

4.25 Ծառայությունների հասանելիության և կատարման ժամերը սահմանվում են Ծառայություններից Օգտվելու Կանոններով:

5 Կողմերի իրավունքներն ու պարտավորությունները

5.1 Հաճախորդն իրավունք ունի`

5.1.1 օգտվել Ծառայություններից Պայմանագրի պայմաններին համապատասխան,

5.1.2 ստանալ տեղեկատվություն առաջարկվող Ծառայությունների, դրանց նկատմամբ կիրառվող սակագների և այլ պայմանների մասին,

5.1.3 ստանալ տեղեկատվություն Հաշվով կատարված բոլոր գործառնությունների վերաբերյալ,

5.1.4 Պայմանագրով նախատեսված կարգով ցանկացած ժամանակ պահանջել Օպերատորից մարել կամ այլ կերպ տնօրինել Հաշվի մնացորդը:

5.2 Հաճախորդը պարտավոր է՝

5.2.1 Օպերատորին տրամադրել ճշգրիտ տեղեկատվություն և վավեր փաստաթղթեր (իսկական պատճեններ), ինչպես նաև անհապաղ տեղեկացնել Օպերատորին դրանց փոփոխման դեպքում,

5.2.2 Ծառայություններից օգտվել անձամբ և բացառապես օրինական նպատակների համար,

5.2.3 չօգտվել Հաշվից կամ Ծառայություններից ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու նպատակով առանց Օպերատորի գրավոր համաձայնության,

5.2.4 ձեռնպահ մնալ Օպերատորի Վեբ-կայքը կամ Հաշվի կառավարման համար օգտագործվող այլ միջոցները Պայմանագրով չնախատեսված որևէ եղանակով օգտագործելուց,

5.2.5 պարբերաբար ստուգել Վեբ-կայքի Անձնական Բաժնում զետեղված տեղեկատվությունը,

5.2.6 անմիջապես հայտնել Օպերատորին հայտնաբերված բոլոր անհամապատասխանությունների և արտասովոր հանգամանքների մասին և, մասնավորապես, Վեբ-կայքի Անձնական Բաժնում որևէ ծանուցման կամ կարգադրության սխալ լինելու կամ արտացոլված չլինելու դեպքում,

5.2.7 ապահովել Հաշվի կառավարման վավերապայմանների (գաղտնաբառեր, PIN-կոդեր) գաղտնիությունը և պաշտպանվածությունը չարտոնված օգտագործումից,

5.2.8 Հաշվի կառավարման համար օգտագործվող բջջային հեռախոսահամարի անջատման, փոփոխման, կորստի կամ այլ կերպով Հաճախորդի տիրապետումից դուրս գալու դեպքում` անհապաղ տեղեկացնել Օպերատորին` վերջինիս Թեժ Գծի ծառայության միջոցով կամ անձամբ ներկայանալով Օպերատորի մասնաճյուղ:

5.3 Օպերատորն իրավունք ունի.

5.3.1 մերժել որևէ գործարք և կասեցնել բոլոր Ծառայությունները կամ դրանց որևէ մասը` սխալ, խախտում կամ կեղծիք հայտնաբերելու դեպքում, ինչպես նաև այն դեպքերում, երբ Օպերատորի մոտ կասկած է հարուցում գործարքի օրինականությունը կամ Հաշվի կառավարման վավերապայմանների պաշտպանվածությունը չարտոնված օգտագործումից,

5.3.2 արգելափակել Հաշվի կառավարման վավերապայմանները (այդ թվում` նույնականացուցիչները) և(կամ) փոփոխել դրանք (պահանջել Հաճախորդից փոփոխել դրանք), եթե Հաշվի կառավարման վավերապայմանների պաշտպանվածությունը չարտոնված օգտագործումից Օպերատորի մոտ կասկած է հարուցում կամ առկա է հավաստի փաստաթուղթ, որ դրանք պատկանում է(են) այլ անձի,

5.3.3 սեփական հայեցողությամբ պահանջել Ստանդարտ Հաճախորդից իրականացնել Պրեմիում Հաճախորդի կարգավիճակ ստանալու համար սահմանված գործառույթը,

5.3.4 կասեցնել բոլոր Ծառայությունները կամ դրանց որևէ մասը մինչև 5.3.3 կետում նշված գործառույթի ավարտը, և լուծել Պայմանագիրը՝ 5 (հինգ) օրվա ընթացքում այդ գործառույթը չիրականացվելու դեպքում,

5.3.5 կասեցնել Ծառայությունները, եթե դա անհրաժեշտ է Օպերատորի, Հաճախորդի, երրորդ անձանց կամ պետության իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար,

5.3.6 Հաճախորդի կողմից այնպիսի գործողություններ թույլ տրվելու դեպքում, որոնց արդյունքում կարող է վնաս պատճառվել Օպերատորին, երրորդ անձի կամ պետությանը, նման գործողությունը հայտնաբերելու պահից հաշված 1 (մեկ) ամսվա ընթացքում մերժել Հաշվից մարում, փոխանցում կամ վճարում կատարելու Հաճախորդի կարգադրությունները և պահանջները,

5.3.7 դադարեցնել Ծառայությունների մատուցումը՝ Պայմանագրի լուծման մասին Հաճախորդին ծանուցելու պահից,

5.3.8 ձեռք բերել, մշակել և պահպանել տեղեկատվություն Հաշվի կառավարման համար օգտագործվող տեխնիկական միջոցների մասին,

5.3.9 ելնելով օրենսդրության փոփոխությունից կամ տեխնիկական անհրաժեշտությունից փոփոխել Հաշվառման Հաշվի համարը, Հաշվի նույնացուցիչներին ներկայացվող պահանջները կամ այլ պայմանները` նախօրոք այդ մասին ծանուցելով Հաճախորդին:

5.4 Օպերատորը պարտավոր է`

5.4.1 գործադրել անհրաժեշտ միջոցներ առկա տեխնիկական հնարավորությունների սահմաններում Ծառայություններից օգտվելու հնարավորությունը և Ծառայությունների պատշաճ որակն ապահովելու համար,

5.4.2 Հաճախորդին տրամադրել տեղեկատվություն Հաշվով կատարված գործառնությունների և Հաշվի մնացորդի վերաբերյալ:

6 Պատասխանատվություն

6.1 Հաշվի կառավարման վավերապայմանների կորստյան դեպքում, ինչպես նաև դրանց երրորդ անձանց հայտնի դառնալու կասկածի դեպքում, Հաճախորդը պարտավոր է Օպերատորի կողմից սահմանված կարգով անհապաղ տեղեկացնել Օպերատորին: Մինչև վավերապայմանների արգելափակումը կամ փոփոխումը Հաճախորդը կրում է դրանց չարտոնված օգտագործման անբարենպաստ հետևանքների ռիսկերը, այդ թվում` կրում է պատասխանատվություն Օպերատորին պատճառված վնասների համար:

6.2 Օպերատորը չի կրում Հաճախորդի և որևէ երրորդ անձանց, այդ թվում` Ծառայություն Մատուցողների միջև հարաբերությունների բնույթը և դրանց օրինականությունը ստուգելու պարտավորություն:

6.3 Այլ բան հստակ սահմանված չլինելու դեպքում, Օպերատորը պատասխանատվություն չի կրում Ծառայություն Մատուցողների պարտավորությունների համար և չի կարող երաշխավորել վերջիններիս կողմից առաջարկվող ծառայություների համապատասխանությունն օրենքի պահանջներին կամ դրանց նկարագրությանը, ծառայություների որակը, քանակը, մատուցման ժամկետները կամ այլ պայմանները: Համապատասխանաբար, Օպերատորը չի ընդունում Ծառայություն Մատուցողների կողմից թույլ տրված հնարավոր խախտումներին վերաբերող բողոքներ կամ կատարված վճարումների վերադարձման պահանջներ:

6.4 Օպերատորը պատասխանատվություն չի կրում ոչ իր մեղքով առաջացած խափանումների, սխալների և իրավախախտ գործողությունների համար, ինչպես նաև Պայմանագրով նախատեսված հիմքերով (այդ թվում՝ Համակարգի տեխնիկական սպասարկման աշխատանքների կատարման ժամանակ) Ծառայությունները կասեցնելու կամ դադարեցնելու հնարավոր որևէ հետևանքների համար:

6.5 Յուրաքանչյուր Կողմ պատասխանատվություն է կրում Պայմանագրի կատարման ընթացքում մյուս Կողմին պատճառված իրական վնասների համար: Կողմերը հրաժարվում են և զերծ են պահում միմյանց անուղղակի վնասների և բաց թողնված օգուտների հատուցման պահանջներից: Օպերատորի պատասխանատվության չափը ցանկացած դեպքում չի կարող գերազանցել նման պատասխանատվության առաջացման համար հիմք ծառայած հանգամանքի տեղի ունենալու պահի դրությամբ Հաշվի մնացորդի չափը:

6.6 Հաճախորդը ինքնուրույն է կրում բոլոր ռիսկերը, որոնք կարող են առաջանալ Օպերատորի կողմից սահմանված պայմանները խախտելու, ինչպես նաև վերջինիս խորհուրդներին և ցուցումներին չհետևելու արդյունքում:

7 Գաղտնիություն, տեղեկատվության պահպանում

7.1 Կողմերն ապահովում են Պայմանագրի շրջանակներում միմյանց միջև փոխանակվող տեղեկատվության պաշտպանվածությունը:

7.2 Օպերատորն ապահովում է Հաճախորդի անձնական տվյալները, Հաշվով կատարված գործարքները, Հաշվի մնացորդի և այլ տեղեկատվության գաղտնիությունը: Տեղեկատվությունը կարող է բացահայտվել Օպերատորի կողմից բացառապես այն դեպքերում և այն ծավալով, որը պահանջվում է օրենքով, անհրաժեշտ է Ծառայությունների մատուցման համար, կամ անհրաժեշտ է Օպերատորի խախտված իրավունքի պաշտպանության համար: Բոլոր այլ դեպքերում նման տեղեկատվությունը կարող է բացահայտվել միայն Հաճախորդի համաձայնությամբ կամ կարգադրությամբ: Օպերատորն իրավունք ունի որևէ վճարում ստացող անձին բացահայտել նրան վճարում կատարած անձի անձնական տվյալները և վճարման գործարքին վերաբերող մանրամասնությունները:

7.3 Պայմանագրի նպատակների համար գաղտնի չի համարվում այն տեղեկատվությունը, որը կարող էր ստացվել այլ եղանակով առանց գաղտնիության պահանջների խախտման:

7.4 Հաշվով կատարված գործառույթներին վերաբերող տեղեկատվությունը և փաստաթղթերը Օպերատորը հնարավորության դեպքում պահպանում է համապատասխան Պայմանագրի լուծման ամսաթվից հաշված առնվազն 5 (հինգ) տարի ժամկետով: Օպերատորը կարող է սահմանափակել Վեբ-կայքի Անձնական Բաժնում արտացոլվող տեղեկատվության վաղեմությունը 1 (մեկ) տարի ժամկետով: Պայմանագիրը դադարեցնելուց հետո Հաշվով կատարված գործառույթներին վերաբերող տեղեկատվությունը չի պահպանվում Անձնական Բաժնում:

7.5 Բջջային հեռախոսի միջոցով Հաշիվը կառավարելու հնարավորությունից օգտվելու ցանկություն հայտնելու դեպքում, նման ցանկությունը հայտնելու փաստով համարվում է, որ Հաճախորդը լիազորել է Օպերատորին դիմել բջջային կապի համապատասխան օպերատորին կամ այլ անձանց և ստանալ հաստատում առ այն, որ համապատասխան բջջային հեռախոսահամարը հատկացված է Հաճախորդին, ինչպես նաև տեղեկացվել հեռախոսահամարի անջատման, փոփոխման, այլ անձի հատկացման կամ դրա սպասարկման պայմանագրի լուծման դեպքերում: Հաճախորդի կողմից բջջային հեռախոսահամարի օգտագործման կասեցման կամ դադարեցման մասին երրորդ անձից ստացված տեղեկատվության հիման վրա Օպերատորն իրավունք ունի, սակայն պարտավոր չէ, արգելել բջջային հեռախոսահամարի օգտագործմամբ Հաշվի կառավարման հնարավորությունը: Օպերատորն իրավունք ունի Հաճախորդից պահանջել գրավոր ապացույց առ այն, որ բջջային հեռախոսահամարը հատկացված է իրեն:

7.6 Հաճախորդը կրում է իր կողմից Օպերատորին տրամադրված տեղեկատվության ոչ ճշգրիտ լինելու բացասական հետևանքների ռիսկերը:

8 Ծանուցումներ

8.1 Պայմանագրով այլ բան նախատեսված չլինելու դեպքում Պայմանագրի շրջանակներում բոլոր ծանուցումները կատարվում են էլեկտրոնային եղանակով՝ Վեբ-կայքի Անձնական Բաժնի միջոցով:

8.2 Բացառապես Հաճախորդի հարմարության համար Օպերատորը կարող է նախատեսված դեպքերում ծանուցումների պատճենները կամ դրանց մասին հաղորդագրություններ ուղարկել Հաճախորդի կողմից նշված էլեկտրոնային փոստի հասցեով և/կամ բջջային հեռախոսահամարով:

8.3 Տեխնիկական առանձնահատկություններից ելնելով Օպերատորը չի կարող երաշխավորել էլեկտրոնային փոստի հասցեով կամ բջջային հեռախոսահամարով ուղարկված հաղորդագրությունների ստացումը Հաճախորդի կողմից:

8.4 Որևէ պարագայում Վեբ-կայքի Անձնական Բաժնի միջոցով ծանուցում տալու հնարավորություն չունենալու դեպքում, Հաճախորդը, ըստ անհրաժեշտության, պետք է կապ հաստատի Օպերատորի հետ՝ վերջինիս Թեժ Գծի ծառայությանը զանգահարելու կամ Օպերատորի մասնաճյուղ այցելելու միջոցով:

9 Անհաղթահարելի ուժի ազդեցություն (ֆորս-մաժոր)

Կողմերը պատասխանատվություն չեն կրում իրենց պարտավորություններն ամբողջու­թյամբ կամ մասամբ չկատարելու կամ դրանց կատարումն ուշացնելու դեպքում, եթե դա հետևանք է ջրհեղեղի, հրդեհի, երկրաշարժի, այլ բնական աղետի, պատերազմական գործողության, զինված հարձա­կման, պայթյունի, զանգվածային խռովության, գործադուլի, պետական մարմնի կողմից ընդունված ակտի, մայրուղային ենթակառուցվածքների խաթարման, էլեկտրասնուցման կրճատման կամ թերացած Կողմի վերահսկողությունից դուրս այլ իրադարձու­թյան:

10 Կիրառվող օրենսդրությունը

Պայմանագիրը կարգավորվում և մեկնաբանվում է համաձայն Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության նյութաիրավական նորմերով:

11 Պայմանագրի լեզուն

Պայմանագիրը կնքվում է հայերեն լեզվով: Հաճախորդի հարմարության համար Պայմանագիրը, ինչպես նաև կիրառվող սակագները և կանոնները կարող են թարգմանվել և հրապարակվել նաև այլ լեզուներով, սակայն նման թարգմանությունների և հայերեն տարբերակի միջև որևէ անհամապատասխանության դեպքում գերակայում է հայերեն տարբերակը:

12 Բողոքների ներկայացման և դիտարկման կարգը

12.1 Հաճախորդը պարտավոր է ստուգել յուրաքանչյուր օրացուցային ամսվա ընթացքում Հաշվով կատարված գործառնությունները և որևէ անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում Օպերատորին ծանուցել դրանց մասին` համա­պատասխան օրացուցային ամսվա ավար­տից հետո 45 (քառասունհինգ) օրվա ընթացքում: Եթե սահմանված ժամկետում Հաճախորդը չի հայտնել Օպերատորին որևէ անհամապատասխանության մասին, ապա համապատասխան օրացուցային ամսվա ընթացքում Հաշվով կատարված գործառնությունները համարվում են Հաճախորդի կողմից անվերապահորեն հաստատված և ընդունված, և Օպերատորը չի ընդունի այդ օրացուցային ամսվանը վերաբերող որևէ հետագա պահանջներ և առարկություններ:

12.2 Դժգոհություններ կամ առաջարկություններ ունենալու դեպքում` Հաճախորդը կարող է դիմել Օպերատորին` ներկայացնելով գրություններ, այդ թվում` էլեկտրոնային փոստով, այցելելով Օպերատորի մասնաճյուղ կամ զանգահարելով Օպերատորի Թեժ Գծի ծառայություն: Օպերատորը իր կողմից սահմանված կանոնների համաձայն` ընդունում է բողոքների և առաջարկությունների վարման ներքին ընթացակարգեր, որոնք փակցվում են մասնաճյուղներում և տեղադրվում Օպերատորի վեբ-կայքում: Օպերատորը պարտավոր է արձագանքել ստացված բողոքներին և առաջարկություններին` իր կողմից ընդունված ընթացակարգերով սահմանված կարգով և ժամկետներում՝ պահպանելով օրենսդրությամբ սահմանված պահանջները: Հաճախորդի գրավոր բողոքներին պետք է տրվի գրավոր պատասխան:

13 Վեճերի լուծման կարգը

13.1 Կողմերը պետք է ձգտեն լուծել ծագած վեճերը բարյացակամորեն` բանակցու­թյունների և խորհրդակ­ցությունների միջոցով:

13.2 Վեճը լուծելու մասին փոխադարձ համաձայնության բացակայության դեպքում այն լուծվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

14 Պայմանագրի պայմանների փոփոխումը

14.1 Օպերատորը կարող է սեփական հայեցողությամբ միակողմանի կարգով փոփոխել Պայմանագրի պայմանները` այդ մասին առնվազն 3 (երեք) օր առաջ Վեբ‑կայքում հրապարակային ծանուցում զետեղելու և Հաճախորդին ծանուցելու միջոցով` դրանցում նշելով փոփոխությունների ուժի մեջ մտնելու պահը:

14.2 Փոփոխությունների հետ համաձայն չլինելու դեպքում` Հաճախորդը լուծում է Պայմանագիրը` այդ մասին անմիջապես ծանուցելով Օպերատորին:

14.3 Փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո Հաշվով որևէ գործառնություն կատարելու դեպքում Փոփոխությունները համարվում են Հաճախորդի կողմից անվերապահորեն ընդունված:

15 Գործողության ժամկետը, Պայմանագրի լուծումը

15.1 Այլ բան սահմանված չլինելու դեպքում, Պայմանագիրը համարվում է կնքված անորոշ ժամկետով:

15.2 Յուրաքանչյուր Կողմ կարող է միակողմանի կարգով լուծել Պայմանագիրը՝ առնվազն 10 (տասը) օր առաջ, իսկ մյուս Կողմի կողմից Պայմանագրի պայմանների խախտման դեպքում՝ անհապաղ ծանուցելով մյուս Կողմին:

15.3 Պայմանագիրը կարող է լուծվել Պայմանագրով նախատեսված այլ դեպքերում:

15.4 Պրեմիում Հաճախորդը կարող է դադարեցնել Պայմանագիրը միայն սովորական գրավոր եղանակով ներկայացված ծանուցմամբ: Մնացած բոլոր դեպքերում Պայմանագիրը կարող է լուծվել Վեբ-կայքի Անձնական Բաժնի միջոցով ներկայացված էլեկտրոնային ծանուցմամբ:

16 Օպերատորի վավերատարրերը

«ՄոբիԴրամ» փակ բաժնետիրական ընկե­րություն

Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան 0015, Արգիշտի 4/1

ՀՎՀՀ 02601438,

«Կոնվերսբանկ» փակ բաժնետիրական ընկե­րություն

Հ/հ 1930040280000100

Վեբ-կայք` www.mobidram.am

Հեռ.՝ +374 98 600 888

Թեժ Գիծ՝ 444, +374 93 297444